Մարդկային ու բանաստեղծական երազանքի, իրականության ու երևակայության խաչաձևումների թրթիռներով բաբախող մի զարկերակ է ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԻ պոեզիան: Բանաստեղծի 75-ամյա հոբելյանի առիթով Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում անցկացվող միջոցառումն սկսվեց բանաստեղծական տողով: Շուրջ քառասուն գրքի հեղինակ է՝ «Կյանք իմացյալ», «Մեր տարիքն Արարատն է», «Ասք հողի»… Այսօր էլ շարունակում է ստեղծագործել:
«Ապրել ենք խլումի, ուրացումի տարիներ, քիչ բան մնաց՝ որպես հոգեղեն արժեք, որ կասի՝ դու քո հայրենիքում ես»,- ասում է բանաստեղծ, դրամատուրգ ԱՐՏԱՇԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նրա համար Լյուդվիգ Դուրյանը հայրենիքի մի մասնիկն է, և ուրախ է, որ բանաստեղծություն կոչվող այդ փրկված պատառը ժառանգելու են սերունդները:
Բանաստեղծ Յուրի Սահակյանի կարծիքով՝ գյուղից եկած բանաստեղծները տարբերվում են հանգիստ, նվիրված էությամբ, գիտեն իրենց անելիքը, «քաղաքից եկածներն» ինչ-որ շփոթմունք ունեն, նեղվածություն, ուրիշ որոնումներ: Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, լսելով բանաստեղծի ստեղծագործությունները, պատկերացնում է էսքիզներ, որովհետև, ըստ նրա, բանաստեղծությունն էլ յուրատեսակ քանդակ է:
«Երբ հեռավոր հիսունականներին մենք գրական խմբակ էինք այցելում, այն ժամանակ չգիտեի, որ 2009-ի հոկտեմբերի 15-ին խոսք կասեմ Լյուդվիգի մասին,- ասաց գրող, գրականագետ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԸ։- Շատ բան է փոխվել մեր գրականության մեջ, բայց Լյուդվիգը հարազատ է մնացել իրեն և չի ենթարկվել մոդայիկ քամիների ազդեցությանը: Նրա պոեզիայի կարևորագույն հատկությունը սերն է, ես մտածում եմ՝ առանց սիրո զգացումի չի կարելի ոչ մի տող գրել: Եվս մի կարևոր հատկություն. Լյուդվիգի բանաստեղծություններով կարելի է վերականգնել մեր ժողովրդի պատմությունը, անցած տարիները, մեր կյանքի, ճակատագրի կարևոր դրվագները»:
Հոբելյարն իր խոսքը սկսեց փոքր-ինչ հուսահատական նոտայով. ինչպե՞ս են վերաբերվում այսօր գրողին, գուցե ավելի՞ն պետք է անի գրողը, մտավորականը, բայց, մեկ է, աշխատել է պետք, արարել, ասում է բանաստեղծը, մենք հայրենիքի մեջ ենք, եթե չլինենք, հայրենիքն էլ ինչ-որ տեղ կպակասի: Խոսեց նաև հեղինակային իրավունքի մասին: Լյուդվիգ Դուրյանի (և ոչ միայն նրա) խոսքերով շատ երգեր են գրվել, այսօր էլ հնչում են այդ երգերը, բայց հեղինակների անունները չեն նշվում: «Կատարումը Շուշան Պետրոսյանի երգացանկից է», ասվել է մի երեկոյի ժամանակ: «Ախր մենք ենք գրել,- նեղսրտում է բանաստեղծն ու ինքն էլ տալիս հարցի պատասխանը։- Մեզ անտեսում են, որպեսզի գումար չտան: Մեկը նստած իր ցավ ու դարդն է պատմում, ասում եմ, եղբա՛յր, դու նստել՝ իմ կյա՞նքն ես ինձ պատմում… Մեկ է, մեր օրը օր չի, բայց պատասխանատու ենք մեր ազգի առաջ: Պատահում է՝ գրողը խռովում է, որոշում` էլ չգրել, ես ասում եմ՝ թե սիրտդ չի անհանգստացնում քեզ, մի գրի, իմ սիրտն անհանգստացնում է ինձ, ես գրում եմ…»։
Միջոցառումը վերածվել էր խոսք ու զրույցի: Վաղուց ապրված ու չմոռացվող հուշեր, զվարճալի դեպքեր, մերօրյա հոգս ու ցավ: Չմոռացան խոսել նաև թանգարանի տիրոջ՝ Դերենիկ Դեմիրճյանի չտեղադրված քանդակի, նրա տաղանդի, «Դոն Կիխոտին» համահավասար «Քաջ Նազարի», համատարած անուշադրության, հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Գոնե արձանագրությունների հաջորդ օրը տոնախմբություն չանեին, թուրքը չի մտածի, թե Երևանի օրն են նշում, կասի՝ էս ինչքան են ուրախացել էս հայերը…»,- նկատեց Լյուդվիգ Դուրյանը:
Հոբելյարի բանաստեղծությունները կարդացին վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը, դերասանուհիներ Սաթենիկ Ղազարյանը, Մայրանուշ Գրիգորյանը: Նրա հոբելյանը նշվել է նաև Գառնիում, Աբովյան քաղաքում, որի պատվավոր քաղաքացին է:
Իսկ ամենամեծ ու իրական կոչումը, կարծում եմ, գիտակցումն է, որ սիրված ես ու սերունդներին թողնում ես չմոռացվող տողեր, երգ դարձած ապրումներ, իմաստնացող, բայց չծերացող աշխարհ։ Քո՛ ստեղծած աշխարհը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ